ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)
18.10.2013 | 15:42

Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել է` «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»: Ձեռակերտ և անձեռակերտ բազում հուշարձաններով հայտնի Լոռին իրոք չնաշխարհիկ է` նաև իր անտառներով: Անտառի պահպանության թեման, կարծում եմ, բոլոր ժամանակների համար արդիական է ու հրատապ: Հենց այդ խնդիրներն է քննարկում արձակագրի «Խեր, շառ, Աստված» դրամատիկական գործը, որը Ալավերդու քաղաքային թատրոնում (1990 թ. ռեժիսոր Հրաչյա Պապինյանը այստեղ բեմադրել է Ֆ. Շաքարյանի «Օջախի տերը», նույն տարում «Գրիգոր Զոհրապ» գրական մրցանակի արժանացած նրա պատմվածքների նույնանուն ժողովածուի մոտիվներով) առաջին անգամ բեմադրվել է հեղինակի հոբելյանի առթիվ, դառնալով երիտասարդ, շնորհալի ռեժիսոր, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շրջանավարտ Արթուր Սիմոնյանի դիպլոմային աշխատանք, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ղեկավարությամբ:

Վերջերս այն կրկին բեմ բարձրացավ որոշակի փոփոխված տարբերակով և դերասանական կազմով: Ռեժիսորն այս անգամ նաև անտառապահի դերակատարն է: Պարզ ճշմարտություն է, որ գրական ամեն մի ստեղծագործություն իր մեջ պարունակում է և՛ իրականի, և՛ երևակայականի, և՛ հուշապատումի տարրեր, «հաճախ նաև ապագայի ծրագրեր ու քիչ ճիգեր չի պահանջվում ճիշտ մեկնաբանության համար»: Բեմադրության ավարտին հնչած ծափերը և հիացական դեմքերը գալիս էին հավաստելու որ ճիգերը այս դեպքում իզուր չեն անցել: Տարեգիր ծերունու` Ալավերդու թատրոնի հնաբնակ Ռուսլան Սադաղյանի ուսանելի խոհերին և ահազանգին ականջալուր է անտառապահը: Անհրաժեշտ պահին գործին միջամտում է ոստիկանը: Սերժանտը (Տիգրան Զարգարյան) որոշել է ԳԱԻ-ի պոստ դնել: Կյանքի վայելքներից չի ուզում հետ մնալ պատգամավորը (Գագիկ Բաբլումյան): Նա որոշել է օլիգարխ դառնալ և ակնկալում է օգնություն, ոչ ավել, ոչ պակաս, Ամերիկայից, անձամբ Բուշից: Ամերիկուհին դա նրան խոստանում է:
Բեմահարդարումն էլ ինքնանպատակ չէ, յուրաքանչյուրն ունի իր որոշակի գործառույթը` խնդիրն ու նպատակը:
Սատանան (Լիլիթ Երեմյան) հսկում է, հաճախ միջամտում և սպասում է` «Լույսը բացվի, կերևա` ով ով է»:
Իսկ հանդիսատեսի համակրանքին վաղուց արժանացած Անահիտ Բեգջանյանը այս անգամ նախկին կոլխոզի նախագահ է, իր ազդեցիկ գործով ու խոսքով: Ներկայացումն առավել արդիական են դարձնում Զավեն Օհանյանի երաժշտական ձևավորումը, պարուսույց Լեյլի Հովհաննիսյանի բեմադրած պարերը և սկսնակ դերակատարներ, Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ գործող նորաստեղծ ստուդիայի սաներ` Վարդիթեր Ստեփանյանի (անառակ կին), Նունե Ասլիկյանի (ամերիկուհի) կերտած կերպարները:
Ամենևին նպատակ չունենալով մասնագիտական գնահատականներ տալու ոչ ներկայացման սցենարին, ոչ էլ նկարչական ձևավորմանը (նկարիչ` Վարդան Տիտանյան), ռեժիսորական մեկնաբանությանը, դերասանական խաղին, դա թողնելով մասնագետներին, ուզում եմ ընդգծել, որ ներկայացումն ստացված է, և առանձնակի կարևորել ավարտը: Վերջը խեր է` բահերով զինված «Վալեքս» խմբի ընկերության գովազդային շապիկներով երիտասարդները գալիս են անտառ տնկելու: Լուսավոր այս ձեռնարկման նոտայի վրա էլ դահլիճը լուսավորվեց: Ներկայացումն ավարտվեց: Բեմ բարձրացավ հեղինակը` մեղմ ժպիտով հայտնելով իր գոհունակությունը: Նրան և բեմականացման մասնակիցներին ողջույնի ու գնահատանքի սրտաբուխ խոսքեր ասացին Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և դրամատուրգ Սամվել Խալաթյանը:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 24238

Մեկնաբանություններ